«Հարկային մարմիններ – տեխնոլոգիական համայնք» փոխգործակցություն․ հանդիպում ՊԵԿ և ԱՏՁՄ ղեկավարության միջև։
28․11․2025
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային մարմինների և տեխնոլոգիական համայնքի միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհները։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Կոմիտեի գործունեության ընթացքում նորարար տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, անդրադարձ կատարել Կոմիտեի ձեռքբերումներին։
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը անդրադարձ է կատարել տեխնոլոգիական համայնքի կողմից վճարվող հարկերի հետևողական առաջանցիկ աճին և այդ համատեքստում հարկային մարմինների հետ փոխգործակցությունն առավել դինամիկ և ինստիտուցիոնալ դարձնելու անհրաժեշտությանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՏՁՄ խորհրդի անդամներ Իրինա Դումանյանը, Նարեկ Ասլիկյանը, Ռեմ Դարբինյանը, Արսեն Բաղդասարյանը, Գոռ Վարդանյանը և Արմեն Քոչարյանը։
Քննարկման արդյունքներն ամփոփելիս ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց, որ ՊԵԿ-ը Հայաստանի պետական մարմիններից, թերևս, ամենահեռուն է գնացել թվային փոխակերպման ճանապարհով, ուստի տպավորություն ունի, որ Կոմիտեյում տեխնոլոգիաների և այդ տեխնոլոգիաները ստեղծող համայնքի կարևորության վերաբերյալ կա հստակ ընկալում։
«Տեխնոլոգիական էկոհամակարգ – պետություն» փոխգործակցության զարգացումը ԱՏՁՄ առաքելության առանցքային ուղղություններից է, ինչի համար միության կազմում 2024 թվականից գործում է Քաղաքականության մշակման և շահերի պաշտանության առանձին դեպարտամենտ։