
«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավոևելու, հանձնաժողովի գործունեութւան կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի («R&D») վերաբերյալ ԱՏՁՄ կարծիքը։
Նախագծի հետ կապված նախևառաջ ընգծենք, որ ընտրված մոտեցումը չի արտացոլում Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրողությունները և նորարարական զարգացման առանձնահատկությունները։ Այս խնդիրն առավել ակնհայտ է դառնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա իրականության առանձնահատկությունները դիտարկելիս։ Նախագծով առաջարկվող մոտեցումը զգալի ադմինիստրատիվ բեռ է ստեղծում ընկերությունների համար, ստիպելով նրանց հատկացնել լրացուցիչ ռեսուրսներ և աշխատակազմ՝ համապատասխանության պահանջները բավարարելու համար։ Այս արհեստական բարդությունները խոչընդոտում են կազմակերպություններին՝ կենտրոնանալու իրենց առանցքային գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վրա, զգալիորեն սահմանափակելով նրանց ռեսուրսների և ուշադրության արդյունավետ բաշխումը։
Առաջարկվող կարգավորումները, թեև ունեն դրական նպատակադրում, սակայն ունեն հստակեցման կարիք՝ առավել արդյունավետ կերպով խթանելու երկրում նորարարական գործունեությունը։ Հետևաբար, ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումները նախագծի հետագա կատարելագործման ուղղությամբ։
I. Հանձնաժողովի մասով.
-
Նախագիծը նախատեսում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու մասնագիտական հանձնաժողովի («Հանձնաժողով») կազմը։ Հանձնաժողովը նախագահում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահը, միևնույն ժամանակ ԲԿԳԿ ունի ներկայացուցիչ հանձնաժողովում և ապահովում է վերջինիս քարտուղարությունը։ Հանձնաժողովը կազմված է նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներից։ ԱՏՁՄ-ն բարձր է գնահատում ԿԳՄՍՆ և ԲԿԳԿ դերը կրթության և գիտության զարգացման բնագավառում։ Այսուհանդերձ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության R&D գործունեությունը իրենից ներկայացնում է այլ պահանջմունքներ և առանձնահատկություններ ունեցող ուղղություն, և Հանձնաժողովի նման կազմը առաջացնում է մի շարք հարցեր՝
-
Հաշվի առնելով ԿԳՄՍՆ և ԲԿԳԿ գործառույթները, որոնք հիմնականում վերաբերում են կրթությանը և գիտությանը (ինչը հստակ բխում է նաև ԿԳՄՍՆ և ԲԿԳԿ կանոնադրություններից)՝ անհասկանալի է, թե որքանով է վերջինս հնարավորություն ունենալու կոոդինացնելու կիրառական գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները որպես այդպիսին որակելու աշխատանքները։ Ընդ որում, հարցն առավել խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով որ R&D գործունեությունը իրականացվելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում, իսկ վերջինս պահանջում է ինդուստրիայի առանձնահատկությունների և բովանդակության հստակ ընկալում։
-
Նախագծի Հավելված 2-ը նախատեսում է R&D գործունեության գնահատման համար հինգ չափանիշ, որոնք ամբողջովին գնահատողական են, և անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ և ունակություններ՝ նման գնահատողական չափանիշները ճիշտ կիրառելու համար։
-
Նախագիծը չի նախատեսում բիզնեսի ներկայացուցիչների որևէ կերպով ներգրավվում Հանձնաժողովում, ինչը ընդհանուր գործընթացը դարձնում է իրականությունից կտրված և հիմնված զուտ ակադեմիայի և ոչ արդյունաբերության վրա։
-
-
Հանձնաժողովի դերը Նախագծի կիրառության իմաստով առանցքային է, և իրականությունից և արդյունաբերությունից կտրված մոտեցումը Նախագիծը և առհասարակ Նախագծի հետ կապված արտոնությունը կդարձնի իմաստազուրկ։ Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ ենք համարում վերադիտարկել Հանձնաժողովի կազմը թե’ նախագահության և թե’ անդամների համատեքստում։
II. Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշների մասով.
Նախագծի Հավելված 2-ը նախատեսում է մի շարք գնահատողական չափանիշներ՝ աշխատանքների՝ որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակելու համար։ Այսուհանդերձ այդ չափանիշների մասով առկա են մի շարք անորոշություններ։ Այսպես՝
-
Նախագիծը նախատեսում է «նորույթ»-ի չափանիշ, ինչը ենթադրում է, որ գործունեությունը պետք է նպատակ ունենա նոր կիրառական գիտելիք ստեղծելուն, որը նախկինում գոյություն չի ունեցել կամ չի կիրառվել տվյալ համատեքստում։
-
Հստակ չէ, թե արդյոք սա ենթադրում է, որ եթե գիտելիքը չի կիրառվել հենց տվյալ կազմակերպության կողմից, ապա համատեքստի պահանջը համարվում է բավարարված։
-
-
Նախագծի Հավելված 2-ի 3-րդ մասի 3բ կետը հակասում է նույն մասի 4գ կետին։ Այսպես, Նախագիծը նախատեսում է «անորոշությունը» իբրև R&D գործունեության գնահատման չափանիշներից մեկը, իսկ անորոշության պայմաններից է հանդիսանում «ռեսուրսների անորոշությունը՝ չկա լիակատար վստահություն, թե որքան ժամանակ, գումար կամ ջանք կպահանջվի հաջողության հասնելու համար»։ Մյուս կողմից քննարկվող մասի 4գ կետը, որը «համակարգվածության» չափանիշի պայմաններից է, նախատեսում է, որ գործունեությունը պետք է իրականացվի նախապես պլանավորված, համակարգված և ֆինանսապես կազմակերպված ձևով: Պետք է հստակ սահմանված լինեն «[…] ռեսուրսները՝ ով և ինչ միջոցներ են ներգրավվելու (ֆինանսներ, ժամանակ, աշխատուժ)»։
-
Նման պայմաններում անհասկանալի է, թե որտեղ է ավարտվում անորոշությունը և որտեղ սկսում հստակությունը՝ ժամանակի, աշխատուժի և ֆինանսերի մասով։ Գտնում ենք, որ այս երկու պայմաններից մեկը պետք է հանվի՝ հակասությունը վերացնելու նպատակով։
-
-
Նախագծի Հավելված 2-ի չափանիշներից է հանդիսանում «փոխանցելիությունը», որը ենթադրում է, որ «Գործունեության արդյունքը պետք է լինի փաստաթղթավորված և հաղորդակցելի, որպեսզի այն հնարավոր լինի. […] փոխադրել՝ կիրառել այլ ոլորտներում կամ նոր նախագծերում»։
-
Հասկանալի չէ, թե արդյոք այս պահանջը ենթադրում է կիրառելիություն միևնույն կազմակերպության ներսում, թե խոսքը վերաբերում է նրան, որ արդյունքը պիտի լինի հանրային, ինչը ենթադրում է մտավոր սեփականության հետ կապված հարցերի ապահովում մինչև նման հանրայնացումը։ Այդ հարցերի պատասխանները կարևոր են բիզնեսի համար կանխատեսելիության և գործընթացների պլանավորման տեսանկյունից։
-
-
Նախագծի Հավելված 2-ի 4-րդ մասի համաձայն՝ «Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակման աշխատանքներն այդպիսին որակելու չափանիշների կիրառման ժամանակ չեն գնահատվում հավաքագրման, կոդավորման, ձայնագրության, դասակարգման, տարածման, թարգմանության, վերլուծության կամ վերլուծական և գնահատման գործողությունները։»
-
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ը կետը վերաբերում է աշխատակիցների եկամտային հարկին։ Առաջանում է հետևյալ հարցը՝ եթե աշխատակցի աշխատանքի մի մասն է համապատասխանում Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակման աշխատանքներին, իսկ մյուսը ներառում է սույն կետով սահմանված գործողությունները, ինչպես է իրականացվելու գնահատումը և կիրառվելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածը և սույն Նախագիծը։
-
III. Հանձնաժողովին ներկայացվող տեղեկատվության մասով.
Նախագծի Հավելված 4-ը նախատեսում է այն տեղեկատվությունը, որն առնվազն պետք է ներկայացվի գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու և աշխատանքների հետագա ընթացքի հաշվետվողականության համար։ Տեղեկատվությանը վերաբերող դրույթները ունեն մի շարք խնդիրներ և/կամ անհստակություններ։ Այսպես՝
-
Նախագծի Հավելված 4-ի 4-րդ մասը նախատեսում է, որ «Ծրագրում ներառվում է տեղեկատվություն՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների անվանումը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի նկարագիրը, [...] ծրագրի շրջանակում ներառված՝ մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատողների տվյալները։ Ծրագիրը կարող է ներառել նաև այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն աշխատանքներն իրականացնողների կողմից։ [...] Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա հանձնաժողովը կասեցնում է հայտի քննարկումը և 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում հայտատուին [...]»։
-
Գաղտնիք չէ, որ R&D գործունության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում գաղտնիության կոմպոնենտը, իսկ ցանկացած արտահոսք կարող է հսկայական վնասներ պատճառել բիզնեսին, այդ թվում վնասելով հնարավոր նորարարությունը։ Նախագծի Հավելված 4-ի դրույթներից հստակ չէ, թե ինչ ծավալի տեղեկատվություն պետք է ներկայացվի աշխատանքների մասով թե նախնական և թե հետագա՝ մոնիթորինգի փուլերում։ Ավելին, Նախագծի Հավելված 4-ը նախատեսում է, որ Հանձաժողովը իրավասու է պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն, երբ «տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների», ինչի ծավալը և շրջանակը ևս պարզ չէ։ Խնդիրը հատկապես ակնառու է այն պայմաններում, երբ Նախագիծը չի նախատեսում որևէ երաշխիք գաղտնիության մասով։ Հետևապես, հարկավոր է Նախագծում նախ հստակեցնել տնտեսվարողի կողմից ներկայացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև ներառել այնպիսի դրույթներ և երաշխիքներ, որոնք կապահովեն այդպիսի տեղեկատվության գաղտնիությունը։
-
-
Անհասկանալի է, թե արդյոք առկա է որևէ սահմանափակում R&D գործունության մեջ մասնագիտական աշխատանք կատարող անձանց մասով։ Արդյոք այս ցանկը նույնանում է այն ցանկի հետ, որը մշակվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրառման նպատակով և որքանով է այդ նույնականացումը արդարացված։
-
Նախագծի Հավելված 4-ը նաև նախատեսում է Հանձնաժողովի կողմից աշխատանքների պրոգերսի նկատմամբ վերահսկողության իրավունք։ Ընդ որում, «Աշխատանքներն իրականացնողը աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկություններ է ներկայացնում Հանձնաժողով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սահմանված ձևով, կարգով ու պարբերականությամբ», իսկ Հանձաժողովը իրավասու է նաև անել լրացուցիչ հարցումներ և դրանց հիման վրա կատարվող ուսումնասիրությունների հիման վրա վերահսկել աշխատանքների իրականացման ընթացքը և արդյունքները։
-
Հաշվի առնելով R&D գործունեության առանձնահատկությունները և հատկապես R&D գործունեությունը բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ, անհասկանալի է, թե ինչպես է այդ արդյունաբերությունում R&D գործունեության հաշվետվողականության մանրամասները սահմանվելու ԿԳՄՍՆ կողմից, այն պայմաններում երբ նման մանրամասների սահմանման համար պարտադիր պայման է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հստակ ընկալումը և կապը ինդուստրիայում գործող բիզնեսների հետ։
-
Ավելին, հստակ չէ, թե որն է այն տեղեկատվության շրջանակը, որը Հանձնաժողովը իրավասու կլինի պահանջելու, հաշվի առնելով, որ հնարավոր են դեպքեր, երբ որոշակի տեղեկատվություն տնտեսվարող սուբյեկտը չի կարողանա ներկայացնել՝ գաղտնիության կոմպոնենտը հաշվի առնելով՝ արդյունքում զրկվելով հնարավոր արտոնությունից։
-
-
Նախագծի Հավելված 4-ի 14-րդ մասի համաձայն՝ «[...] աշխատանքներն իրականացնողի գործունեության մեջ էական խախտումների առկայության դեպքում Կոմիտեն իրավասու է գրավոր զգուշացնելու աշխատանքներն իրականացնողին, իսկ Հանձնաժողովը վերանայել գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակելու իր եզրակացությունը»։
-
Անհասկանալի է, թե որն է համարվում էական խախտում։ Հարկավոր է հստակեցնել այդ դեպքերը կամ առնվազն սահմանել խախտումը էական որակելու չափանիշներ, ինչպես նաև նախատեսել այդպիսի խախտման հետևանքը։
-
-
Նախագծի Հավելված 4-ի 20-րդ մասի համաձայն՝ «Աշխատանքների իրականացման ընթացքում փոփոխություններ առաջանալու դեպքում աշխատանքներ իրականացնողը պետք է դրա մասին գրավոր տեղեկացնի հանձնաժողովին»։
-
Նախագծից պարզ չէ, թե որ փոփոխությունների դեպքում է տնտեսվարողը պարտավոր ծանուցել Հանձնաժողովին՝ արդյոք խոսքը գնում է ցանկացած փոփոխության, թե որոշակի չափանիշի համապատասխանող փոփոխությունների մասին, ինչ ժամկետում պետք է Հանձնաժողովը ծանուցվի, և որոնք են չծանուցման հետևանքները։
-
IV. Տնտեսական դասակարգչի մասով.
6. Նախագծի Հավելված 2-ի 5-րդ մասը նախատեսում է՝ «Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու վերաբերյալ եզրակացությունը տրամադրվում է. Առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում M72 տնտեսական գործունեության դասակարգչի ներքո հաշվետվությունների առկայության դեպքում, ընդ որում՝ այս մասով առնվազն 6 ամսվա ընթացքում ճշգրտումներ չպետք է կատարված լինեն»:
-
Ստացվում է, որ R&D գործունեության համար նախատեսված արտոնությունից օգտվելու հնարավորությունը ունի առվազն երկու սահմանափակում՝ M72 տնտեսական գործունեության դասակարգչի ներքո հաշվետվությունների ներկայացում և սույն դասակարգչի կիրառում առնվազն վերջին վեց ամսիների ընթացքում։
Հարկ է նշել, որ ՀՀ-ում ՏՏ ընկերությունների ճնշող մեծամասնությունը գործունեություն է իրականացնում J62 դասակարգչով, մինչդեռ M72 դասակարգչով գործող ընկերությունները կազմում են փոքրամասնություն։ ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների դուստր ընկերություններ, ՀՀ-ում գործունեություն են իրականացնում, այդ թվում R&D գործունեություն, այլ դասակարգիչների ներքո։ Ստացվում է, որ վերը նշված երկու պայմանները արհեստական խոչընդոտ են ստեղծելու նմանատիպ ընեկերությունների համար. նոր ստեղծված ընկերությունները, որոնք փաստացի իրականացնում են գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, գրանցումից հետո առնվազն 6 ամիս հնարավորություն չեն ունենա դիմելու օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու համար, իսկ մյուս կողմից այն ընկերությունները, որոնք իրականացրել և իրականացնում են գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, սակայն իրենց հարկային հաշվետվություններում նշել են J62 դասակարգիչը (կամ որևէ այլ դասակարգիչ)՝ որպես վերջնական արդյունքի տնտեսական գործունեության դասակարգիչ, նույնպես առաջիկա 6 ամիսներին չեն կարողանա դիմել արտոնություններ ստանալու համար՝ չնայած այն հանգամանքին, որ նրանց գործունեության էական մասը համապատասխանում է օրենքի պահանջներին։ Արդյունքում այդ ընկերությունները հարկադրված կլինեն կատարելու նաև դասակարգչի փոփոխություն՝ արհեստական խոչընդոտը հաղթահարելու համար ծախսելով լրացուցիչ ռեսուրսներ։
Նշվածը հաշվի առնեով՝ առաջարկում ենք հանել սույն պահանջը՝ թողնելով Հանձնաժողովի հայեցողությանը գնահատելու փասացի կատարվող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին։ Եթե հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել սահմանափակումը, առաջարկում ենք վերանայել այն՝ առնվազն թույլ տալով չկիրառել այն Նախագծի ընդունումից հետո առաջին մեկ տարվա ընթացում։