Become a member
Feb 27, 2025

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

27.02.2025 թվականին հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

Առկա կարգավորումը. Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴՕ) 83-րդ հոդվածով սահմանվում են վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները. մասնավորապես, ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: 

Նախագծով, ի թիվս այլի, առաջարկվում է. Վերոգրյալ կանոնն ուժը կորցրած ճանաչել և, ընդհանուր կանոնի համաձայն, հայցվորի վրա է դրվում պարտականություն վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար դատարանին ներկայացնելու հայցի ապահովման միջնորդություն՝ հիմնավորելով, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է 

  • անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ

  • միջնորդություն ներկայացրած անձի իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը կամ 

  • հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ 

  • իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։

Ստացվում է, որ վարչական ակտը կարծես ավելի շատ օրինականության կանխավարկած է ստանում և, որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի՝ անկախ դատարանի կողմից դրա օրինականությունը ստուգելու հանգամանքի։

ԱՏՁՄ-ն իր դժգոհությունն է հայտնում ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ, քանի որ դրանք ոչ միայն հակասում են ՎԴՕ ընդհանուր տրամաբանությանը, այլ նաև տնտեսվարող սուբյեկնտերի վրա դնում են լրացուցիչ և որևէ կերպ չհիմնավորված լրացուցիչ բեռ, հետևյալ հիմնավորումներով.



  • Նախագծի հիմնավորումներին, ավելի շուտ դրանց բացակայության վերաբերյալ. 

Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է կոնկրետ բացատրություն, թե ինչ գործնական կամ իրավական խնդիրների լուծման նպատակով է առաջարկվում փոփոխությունը։ Չի նշվում, թե արդյոք, օրինակ, դատական պրակտիկան ցո՞ւյց է տվել վարչական ակտերի կասեցման հետևանքով առաջացած որևէ լուրջ խոչընդոտ, որը պահանջում է նման փոփոխություն, կամ, ընդհանուր առմամբ, ի՞նչ վնաս է պատճառվել պետությանը կամ հանրային շահին, եթե այդպիսին հնարավոր է, բացի այդ չկա հղում որևէ վիճակագրության։

Ավելին, բացակայում է Նախագծով նախատեսվող կարգավորման ազդեցության գնահատումը, ինչի առկայությունը տվյալ իրավական ակտի պայմաններում ունի կարևոր նշանակություն, քանի որ այն կարող է ունենալ նշանակալի ազդեցություն գործարար միջավայրի պայմանների վրա։

Բացի այդ, հատուկ ցանկանում ենք շեշտել, որ «Վարչական դատավարության օրենսգրքի» 83-րդ կետի 1-ին մասի 2-րդ կետով, ի թիվս այլի, արդեն իսկ նախատեսվել է բացառություն և վարչական մարմնին լայն հնարավորություն է տրվել, այն դեպքերում, երբ դա է պահանջում հանրային շահը, գրավոր հիմնավորել վարչական ակտի անհապաղ կատարումը։

Ստացվում է մի իրավիճակ, երբ գործող կարգավորմամբ վարչական ակտի անհապաղ կատարման հիմնավորման պարտականությունը իրավացիորեն դրված է վարչական մարմնի վրա և պետք է պայմանավորված լինի բացառապես հանրային շահով, սակայն այժմ՝ ներկայացված նախագծով դրա անհապաղ չկատարման հիմնավորումները դատավարական բարդ ընթացակարգով ներկայացնելու պարտականությունը դրվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի վրա։ 

  • Նախագծի ընդունման բացասական հետևանքների վերաբերյալ.

  • Վարչական ակտերի վիճարկման մեխանիզմի բարդացում և անձանց վրա լրացուցիչ բեռի ավելացում.

ՎԴՕ 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"), այսինքն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Վերոգրյալ իրավանորմը ֆիզիկական անձանց և տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տալիս իրենց իրավունքների դատական պաշտպանության դիմելիս, ձեռք չբերել մասնագիտական իրավաբանական/փաստաբանական ծառայություններ և ինքնուրույն ներկայացնել հայցադիմում դատարան՝ պահպանելով հայցադիմումին ներկայացվող ձևական պայմանները։ Մինչդեռ, Նախագծով տնտեսվարողները (հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները), յուրաքանչյուր դեպքում ստիպված են լինելու դիմելու և ձեռք բերելու նման ծառայություններ, քանի որ հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու և առավել ևս դա հիմնավորելու օրենսդրական պահանջը սեփական գիտելիքներով և ունակություններով ոչ միշտ են կարողանալու բավարարել։

Ստացվում է, որ առաջարկվող կարգավորումը զգալիորեն բարդացնելու է վարչական ակտերի վիճարկման գործընթացը, այդ թվում առաջացնելով լրացուցիչ ռեսուրսների և ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն։

Բացի այդ, Դատարանը կարող է հայցի ապահովման միջնորդությունը մերժել, ինչը կնշանակի, որ վարչական ակտը կկատարվի մինչև վերջնական դատական ակտի կայացումն ու օրինական ուժի մեջ մտնելը, նույնիսկ եթե այդ ակտը հետագայում ճանաչվի ոչ իրավաչափ։ Տվյալ պարագայում անկասկած լինելու են իրավիճակներ, երբ դատական կարգով անվավեր ճանաչվելուց հետո վարչական ակտի կատարման հետևանքները 

  • կամ հնարավոր չի լինելու վերացնել (օրինակ՝ շենքը քանդել են վարչական մարմնի ակտի համաձայն), 

  • կամ էլ շատ դժվար, ծախսատար ու երկարատև գործընթաց է լինելու։

  • Ապացուցողականության բարձր շեմ.

Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու համար օրենսդրությունը սահմանել է բավականին խիստ և բարձր շեմ՝ հայցվորները պետք է հիմնավորեն, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել  դատական ակտի կատարումը կամ միջնորդություն ներկայացրած անձի իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Նման ընդհանրական և բավականին խիստ ձևակերպման պարագայում թե՛ տնտեսվարող սուբյեկտների և թե՛ ֆիզիկական անձանց համար չափազանց բարդ է լինելու հիմնավորել վարչական ակտի կասեցման անհրաժեշտությունը՝ անկախ այն հանգամանքից, թե վարչական ակտով նախատեսված պարտավորության չափն ինչպիսին է։

Ըստ էության հայցվորները ստիպված են լինելու հենց գործը քննության սկզբից ապացուցել պահանջների հիմնավորվածությունը, որի արդյունքում միջանկյալ դատական ակտով դատարանն կայացնելու է ըստ էության գործը լուծող ակտի հատկանիշներ ունեցող ակտ։

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանները ունեն ոչ միատեսակ մոտեցում՝ ներկայացվող հայցի ապահովման միջնորդությունները բավարարելու հարցում, և հաճախակի դրանք մերժում են, ուստի վիճարկվող ակտերի կասեցումը միայն դատարանի հայեցողությանը թողնելը կարող է կամայականության և ոչ միասնական պրակտիկայի հանգեցնել:

  • Դատարանների և վարչական մարմինների ծանրաբեռնվածության աճ.

Եթե հայցի ապահովման միջնորդությունը դառնում է հայցվորների համար հիմնական մեխանիզմը վիճարկվող վարչական ակտերի կասեցման համար, ապա դատավորները ստիպված կլինեն լրացուցիչ միջնորդություններ քննել՝ յուրաքանչյուր հայցի դեպքում առանձին որոշելով և հիմնավորելով, թե արդյոք միջնորդությունը բավարար ապացուցված է։ Սա ևս կարող է հանգեցնել դատական ծանրաբեռնվածության աճի, մինչդեռ վարչական արդարադատության տրամաբանությունն այս պահին գնում է գործերի քննությունը պարզեցնելու ուղիով (օրինակ՝ գրավոր ընթացակարգերի սահմանումը վիճարկման հայցերի քննության համար):

Վերը բերված հիմնավորումներով պայմանավորված՝ առաջարկում ենք նախագիծը շրջանառությունից հանել: