Հայ
Լուրեր

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն ողջույնի և շնորհավորանքի խոսք է հղել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ, WITSA խորհրդի անդամ, Ucom ընկերության և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանին:

WITSA-ն, որը համաշխարհային ամենամեծ և կարևոր ոլորտային կոնգրեսներից մեկի` WCIT-ի հիմնադիրն է և կազմակերպիչը, իր ծաղկման նոր շրջանը սկսեց Իվոն Չուի նախագահությամբ, ով համաշխարհային այս կազմակերպության առաջին կին նախագահն է։ ՏՏ համաշխարհային ոլորտի ղեկավարների շրջանում մեծ հեղինակություն վայելող այս կինը մի քանի տարում փոխել է տեխնոլոգիաների դերակատարության և տվյալների անվտանգության պահպանման մոտեցումների ընկալումը ՏՏ աշխարհում,  մի շարք մենագրությունների և հոդվածների հեղինակ է, ելույթներով և դասախոսություններով է հանդես եկել բազմաթիվ համաշխարհային կարևորության միջոցառումների բարձր ամբիոններից։

Ալեքսանդր Եսայանին ուղղված շնորհակալական նամակի մեջ Իվոն Չուն մասնավորապես կարևորել է Ալեքսանդրի անհատական նվիրումը և հսկայական ջանքը, որի շնորհիվ WCIT 19 կոնգրեսը գեղագիտական ճաշակով, մասնակիցների ներգրավվածությամբ և առհասարակ ընդգրկունությամբ գերազանցել է նախորդ բոլոր կոնգրեսները և կազմակերպչական նոր նշաձող սահմանել կոնգրեսի հետագա հյուրընկալ երկրների համար։

«Անձամբ ականատես լինելով տարբեր տարիների համաշխարհային կոնգրեսներին, կարող եմ վկայել WCIT 2019-ի բացառիկ ձեռքբերում լինելը՝ սկսած բացման համերգից, որը, ըստ իս, անհամեմատելի էր իր ծավալով, բարդությամբ, նշանակալիությամբ ու մասնակիցների թվով։ Ամբողջ աշխարհից շուրջ 6000 մասնակցի ներգրավումն անգերազանցելի ցուցանիշ է WITSA-ի պատմության 40 տարիների ընթացքում», - նշում է տիկին Չուն իր նամակում։  

«Կարծում եմ, WCIT 2019 կազմակերպելու գործում Ձեր ամենանշանակալից ներդրումը իրականացրել եք հենց Ձեր հրաշալի Հայաստան երկրի համար։ Ձեր շնորհիվ հայ ազգը հայտնվեց համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակ մի փոքր, բայց հզոր ազգի, որը ծաղկում է թվային ժամանակաշրջանում», - նշել է Իվոն Չուն, ավելացնելով․ «Ալեքսանդր, Ձեր ջանքերը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացման և զարգացման գործում վերջին տասնամյակում համաշխարհային ճանաչման է արժանացել։ Կարող եք հպարտանալ այս ձեռքբերմամբ։ WCIT 2019 անհավանական հաջողությունը հաստատումն է Ձեր առաջամարտիկ լինելու, քրտնաջան աշխատանքի, Հայաստանի նկատմամբ կրքի ու նվիրվածության»։

Իվոն Չուն նաև շնորհավորել է Ալեքսանդր Եսայանին նոր հեռահաղորդակցության օպերատոր Team Telecom Armenia-ն հիմնադրելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ նախաձեռնությանը։

Նամակի ամբողջական տեքստն անգլերենով կցված է։