Հայ
Լուրեր

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ԴիջիԹեք 2020-ին ընդառաջ նախաձեռնել է առցանց քննարկումների «DigiTalk Series» շարքը, որի առաջին թողարկումը հեռարձակվեց այսօր ԱՏՁՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջով։

Քննարկման հիմնական թեման կրթության անհամապատասխանությունն էր աշխատաշուկային, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում։ Մյուս կարևոր թեման, որը հուզում էր նաև լայվ քննարկման ֆեյսբուքյան հանդիսատեսին, որն ընթացքում հարցեր էր ուղարկում խոսնակներին, ՏՏ շուկայի` Covid-19-ով պայմանավորված փոփոխություններն էին։ 

Պանելային ֆորմատի լայվ առցանց քննարկումը համակագեց Instigate ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։ 

Խոսնակներն էին`

  •  Արա Շամիրզայանը (Webb Fontaine Group ընկերության ՏՏ հետազոտության և զարգացման տնօրեն), 

  • Խաչիկ Նազարյանը (VMware ընկերության Ինժեներական տնօրեն),

  • Սեդրակ Սարգիսյանը (Mentor Graphics a Siemens Business (USA) ընկերության Development Engineering Director), 

  • Արա Մարկոսյանը (Xilinx, Inc. ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն)

  • Էդգար Մարուքյանը (Renderforest ընկերության CTO)։

Խոսնակները նկարագրեցին այն ընթացակարգը, որով ընտրում են իրենց աշխատակիցներին։ Խոսվեց  նաև ընկերություններում առկա հաստիքների մասին՝ քննարկելով, թե արդյոք բուհերում կան դրանց պահանջները բավարարող դասընթացներ։ Ամեն խոսնակ ներկայացրեց իր ընկերության կողմից իրականացվող դասընթացներն ու կրթական ծրագրերը։ 

Քննարկեցին մի շարք հարցեր. որքանո՞վ է կարևոր դիպլոմը աշխատանքի ընդունվելիս, ի՞նչ հմտություններ են գործատուները առավել կարևորում դիմորդների մեջ, ի՞նչ գիտելիք են տրամադրում ընկերություններն իրենց նոր աշխատակիցներին, արդյո՞ք պետք է սովորել վեց տարի ու համարել, որ կրթված ես, թե՞ պետք է մշտապես պատրաստ լինել հմտությունների ու գիտելիքի որակի բարձրացմանը, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ընկերությունների աշխատելաոճը Covid-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում, արդյո՞ք նախապատվությունը կտրվի մարզից աշխատողներ ընդունելուն, թե հայացքը կուղղվի գլոբալ շուկա՝ հաշվի առնելով այն, որ նման պայմաններում գործատուների առաջ լոգիստիկ խնդիրներ չկան և մի շարք այլ հարցեր։

Քննարկումը կարող եք դիտել ստորև։